Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր երկիրը պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ, եթե անգամ դա է պահանջում ԵՄ-ի ընդհանուր արտաքին քաղաքականությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք չենք կարող պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե դա ենթադրում է ԵՄ-ի արտաքին քաղաքականության հետ սերբականի համապատասխանեցում: Մենք կապված ենք Ռուսաստանի, նաեւ ԱՄՆ-ի հետ, որտեղ մեծաթիվ սերբական համայնք կա»,- հայտարարել է Նիկոլիչը:
Ջո Բայդենն օգոստոսի 15-17-ը պաշտոնական այցով մեկնել է Սերբիա եւ Կոսովո՝ այս երկրների ղեկավարության հետ հանդիպումների նպատակով: Հաղորդվում է, որ Բայդենի եւ Նիկոլիչի հանդիպումն անցկացվել է փակ դռների հետեւում: Բայդենը հայտարարել է, որ «ԱՄՆ-ն չի ակնկալում, որ Սերբիան ընտրություն կկատարի իրենց ու Ռուսաստանի միջեւ» եւ սատարում է երկրի ընտրած եվրաինտեգրման ուղին:





























