ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է պայքարել նույնասեռականների, կանանց եւ կրոնական տարբեր ուղղությունների հետեւորդների նկատմամբ խտրականության դեմ: Ըստ Lenta-ի՝ այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

Նա իր մրցակից Հիլարի Քլինթոնին մեղադրել է այն բանում, որ վերջինն «իր ամուսնու ստեղծած բարեգործական հիմնադրամի համար միլիոնավոր դոլարների նվիրատվություն է ընդունում այն երկրներից, որտեղ նույնասեռականությունը հանցագործություն է համարվում եւ պատժվում է ազատազրկմամբ կամ նույնիսկ մահվան դատավճռով»:

Ծայրահեղական իսլամի դեմ պայքարի համար Թրամփն առաջարկել է մեթոդներ կիրառել, որոնք օգտագործվել են սառը պատերազմի ժամանակներում: «Այնպես, ինչպես մենք հաղթեցինք սառը պատերազմում՝ մատնանշելով կոմունիզմի թերություններն ու ազատ շուկայի դրական կողմերը, մենք պետք է վարվենք նաեւ ծայրահեղական իսլամի գաղափարախոսության հետ»,- ընդգծել է միլիարդատերը:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախանշված են նոյեմբերի 8-ին: