ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) կայքը գրեթե մեկ օր չի գործել հաքերների հայտարարությունից հետո այն մասին, թե իրենք գործակալությունից ինչ-որ «կիբերզենք» են գողացել:
Politico պարբերականի փոխանցմամբ՝ կայքը հասանելի չի եղել տեղական ժամանակով 22:54-ից մինչեւ հաջորդ օրվա 17:00-ն: Խնդիրը նկատվել է, երբ հաքերների Shagow Brokers խմբավորումը հայտարարել է ԱԱԳ-ից «կիբերզենք» գողանալու եւ այն վաճառելու մասին:
Գործակալությունում հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը, սակայն աղբյուրների հաղորդմամբ՝ կայքի խնդիրների պատճառը «ներքին հետաքննությունն է»: Այս մասին գրում է Gazeta-ն:
ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենն այս առիթով Twitter-ում գրել է, որ Ռուսաստանն առնչություն ունի կայքը կոտրելու հետ. «Կողմնակի ապացույցներն ու առողջ դատողությունը մատնանշում են, որ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը»:
Նախօրեին The Shadow Brokers-ը հայտարարել էր, որ կոտրել է Equation Group-ը: Հարձակման արդյունքում հաքերները գործիքներ են ձեռք բերել, որոնք ԱԱԳ-ն օգտագործում է՝ ամբողջ աշխարհում մարդկանց եւ կազմակերպությունների հետեւելու համար: Խմբավորումը ստացված տվյալներն աճուրդի է հանել:





























