Մեքսիկայում առեւանգել են Գաճաճ մականունով հայտնի նարկոբարոն Հոակին Գուսման Լոերայի որդուն: Հալիսկո նահանգի գլխավոր դատախազը մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես հաստատել է Խեսուս Ալֆրեդո Գուսման Սալասարի առեւանգման փաստը:

Մի խումբ մարդկանց առեւանգել են Հալիսկո նահանգի հանգստավայրային Պուերտո Վալյարտա քաղաքի La Leche ռեստորանից: Երեք անհայտ անձինք մտել են հաստատություն եւ իրենց հետ տարել 6 տղամարդկանց՝ ռեստորանում թողնելով նրանց հետ գտնվող 9 կանանց:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ավելի վաղ հաղորդվել էր Գուսմանի մյուս որդու՝ Իվանի առեւանգման մասին, սակայն հիմա իշխանությունները հստակեցրել են տեղեկությունը՝ հաղորդելով, որ խոսքը ոչ թե 36-ամյա Իվան Գուսմանի, այլ 29-ամյա Խեսուս Ալֆրեդոյի մասին է:

«Սինալոա» կարտելի ղեկավար Գուսման Լոերան համարվում է Մեքսիկայի հանցավոր աշխարհի ամենահայտնի առաջնորդներից մեկը: Նա երրորդ անգամ իրավապահների ձեռքում հայտնվեց այս տարվա հունվարի սկզբին: