Sputnik-ի պատվերով անցկացված հարցման տվյալների համաձայն՝ նախկին ԽՍՀՄ 11 երկրներից 9-ում 35 տարեկանից մեծ բնակիչների մեծամասնությունը ԽՍՀՄ-ի ժամանակ կյանքն ավելի լավ է գնահատել, քան Միության փլուզումից հետո:

Ռուսաստանում հարցվածների 64 տոկոսը, որոնք տեսել են այդ ժամանակաշրջանը, Խորհրդային Միությունում կյանքի որակն ավելի բարձր են գնահատել: Ուկրաինայում այս պնդմանը համաձայնել է հարցվածների 60 տոկոսը, իսկ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հայաստանում՝ 71 տոկոս եւ Ադրբեջանում՝ 69 տոկոս: Հարցվածների այն մասը, որը չի հիշել ԽՍՀՄ շրջանի կյանքը, 18-ից 24 տարեկանների խումբը, կարծում է, որ կյանքը ԽՍՀՄ փլուզումից հետո լավացել է: Ռուսաստանում այս կարծիքի է հարցված երիտասարդների 63 տոկոսը:

Գրեթե բոլոր երկրներում ԽՍՀՄ շրջանում կյանքն ավելի լավ է համարում, քան փլուզումից հետո, 35 տարեկանն անց մարդկանց մեծ մասը. Հայաստանում՝ 71 տոկոս ընդդեմ 23 տոկոսի, Ադրբեջանում՝ 69 տոկոս ընդդեմ 29 տոկոսի, Ռուսաստանում՝ 64 տոկոս ընդդեմ 28 տոկոսի, Ղազախստանում՝ 61 տոկոս ընդդեմ 27 տոկոսի, Ուկրաինայում՝ 60 տոկոս ընդդեմ 23 տոկոսի, Ղրղզստանում՝ 60 տոկոս ընդդեմ 30 տոկոսի, Բելառուսում՝ 53 տոկոս ընդդեմ 28 տոկոսի, Վրաստանում՝ 51 տոկոս ընդդեմ 46 տոկոսի: Միայն Տաջիկստանի (39 տոկոս ընդդեմ 55 տոկոսի) եւ Ուզբեկստանի (4 տոկոս ընդդեմ 91 տոկոսի) 35 տարեկանից մեծ բնակիչներն են կարծում, որ ԽՍՀՄ փլուզումից հետո կյանքը լավացել է:

Մինչեւ 25 տարեկան հարցվածները, որոնք ծնվել են ԽՍՀՄ փլուզումից հետո կամ դրանից կարճ ժամանակ առաջ, կարծում են, որ հիմա կյանքն ավելի լավացել է. Հայաստանում այդպես է կարծում 48 տոկոսը ընդդեմ 47 տոկոսի, Ղրղզստանում՝ 48 տոկոսը ընդդեմ 37 տոկոսի, Ղազախստանում՝ 56 տոկոսը ընդդեմ 35 տոկոսի, Բելառուսում՝ 57 տոկոսը ընդդեմ 34 տոկոսի, Վրաստանում՝ 79 տոկոսը ընդդեմ 20 տոկոսի, Ուկրաինայում՝ 39 տոկոսը ընդդեմ 18 տոկոսի, Ռուսաստանում՝ 63 տոկոսը ընդդեմ 25 տոկոսի, Ադրբեջանում՝ 68 տոկոսը ընդդեմ 14 տոկոսի, Տաջիկստանում՝ 84 տոկոսը ընդդեմ 13 տոկոսի, Ուզբեկստանում՝ 89 տոկոսը ընդդեմ 5 տոկոսի:

Հարցմանը մասնակցել է 12.645 մարդ. 1000-ական մարդ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, 1045 մարդ՝ Ուզբեկստանում, 2000 մարդ՝ Ուկրաինայում եւ 1600 մարդ՝ Ռուսաստանում: