ԱՄՆ-ում 7-րդ դասարանի աշակերտի ծնողները դատական հայց են ներկայացրել դպրոցի ղեկավարության դեմ, քանի որ դանդաղ մտավոր զարգացմամբ տղային ստիպել են ԻՊ խմբավորման ահաբեկիչների հետ կապի մասին կեղծ խոստովանություն ստորագրել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ դեպքը տեղի է ունեցել հունվարին, Նյու Յորքի նահանգի Իսթլիփ Թերրաս քաղաքի միջնակարգ դպրոցում: Դպրոցի ճաշարանում հասակակիցները ծաղրել են պակիստանյան ծագմամբ տղային՝ հարցնելով, «արդյո՞ք ահաբեկիչ է» եւ «ի՞նչ է պայթեցնելու հաջորդ անգամ»: Տղան էլ ասել է, որ «ահաբեկիչ է»: Սակայն, ծնողների պնդմամբ, նա չի իմացել այդ բառի նշանակությունը՝ այն կապելով իրեն ծանոթ «տուրիստ» բառի հետ:
Դեպքի հաջորդ օրը երեխային տնօրենի մոտ են կանչել, որտեղ դպրոցի ղեկավարն ու նրա օգնականը խուզարկել են նրա իրերը, հարցաքննել եւ ստիպել ԻՊ-ի հետ կապերի մեջ «խոստովանություն» ստորագրել: Դրանից հետո նրան հարցաքննել են նաեւ ոստիկանությունում:
Երեխայի ծնողները հայտարարել են, որ միջադեպի հետեւանքով տղան լուրջ հոգեբանական վնասվածք է ստացել եւ մշտական սթրեսի մեջ է: Տղայի մայրը հայցով 50 մլն դոլարի չափով փոխհատուցում է պահանջում:





























