Քաղաքական էլիտաները ավելի շատ օգտագործել են արցախյան հիմնահարցը, քան փոփոխել են այդ հարցի լուծման ձեւաչափը: Այս մասին այսօր «Դե ֆակտո» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Ալավերդյանը նաեւ հպարտությամբ հայտարարել է, թե «Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ արցախյան հիմնահարցը պետք է լիարժեք տեղափոխվի իրականությանը համապատասխանող դաշտ եւ միավորի քաղաքական եւ հասարակական ուժերը"։
Ըստ Ալավերդյանի՝ արցախյան հիմնահարցը քաղաքական այն մաքուր ու վեհ գաղափարն է, որի շուրջ պետք է միավորվեն ոչ միայն կուսակցությունները եւ քաղաքական ուժերը, այլեւ հասարակական ուժերը։
Ի դեպ, Ժառանգությունում այսօր քննարկումներ են ընթանում կուսակցությունների հնարավոր միավորման շուրջ։ «Այսօր ժառանգությունը սիրով սպասում է եւ սիրով կընդունի, եթե միավորման առաջարկ անեն իշխանական կուսակցությունները։ Մենք նույնիսկ դիմել ենք „Հանրապետական“ կուսակցությանը, որ ԼՂՀ-ի կայացման օրինականությունը ճանաչելու առաջարկություն անի»,-ասաց Լարիսա Ալավերդյանը եւ հավելեց, թե ԼՂՀ ճանաչման խնդիրը մինչ այսօր մնում է օրակարգային։
«Ինչո՞ւ չենք ճանաչում ԼՂՀ անկախությունը։ Համոզված եմ, որ ճանաչումը լավ հետեւանքներ կունենա։ Վերջապես Հայաստանը Ադրբեջանի հետ կճշտի իր դիրքը այս վիճելի հարցում։ Իսկ հիմա ստացվում է այնպես, որ Հայաստանը խնդրողի դերում է Ադրբեջանից, որը իրավունք չունի ԼՂՀ կարգավիճակի մասին անգամ խոսք ասելու»,-եզրափակել է նա։




























