Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը արևոր է և Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը համարել որպես երկու առանձին, սակայն փոխադարձ զորացնող գործընթացներ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Եվրոպական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, Թուրքիայի ներկայացուցիչ Բուրչու Գյուլթեքին Պունսմանը։

Ըստ նրա, այդ գործընթացների վերջնական նպատակը Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունացումն ու ապաշրջափակումն է։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործոնը չպետք է հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների նորմալացման պայման հանդիսանա։ Ընդհակառակը, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը պետք է դրականորեն ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա»,- նշել է Գյուլթեքինը։ Նա ավելացրել է, որ Թուրքիայի ու Հայաստանի ուղղակի փոխգործակցությունը նոր թափ հավաքելու հնարավորություն ունի։ Խնդիրն այն է, որ Ստամբուլից Երևան կառուցվելիք ճանապարհը հասցվի մինչև Բաքու և Կասպից ծովին հարակից տարածաշրջանները։

Փորձագետն ընդգծել է, որ Կովկասում կայունության ու համագործակցության պլատֆորմի մասին Թուրքիայի նախաձեռնությունը համահունչ է մոսկովյան հռչակագրին և նույնպես կարող է օգտագործվել որպես Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության շուրջ բանակցությունների հիմք։

«Ադրբեջանում մտավախություն կա, որ սահմանի ապաշրջափակումը կփոխի տարածաշրջանում ուժերի փխրուն հավասարակշռությունը և Հայաստանին կդրդի ռազմական գործողություններ իրականացնել։ Սակայն որեւէ կերպ չի մեկնաբանվում այն, թե ինչպես են այս երկու հարցերը կապված իրար, և ինչպես պետք է Թուրքիայի հետ ուղղակի կապերը հանգեցնեն նրան, որ Հայաստանը հանկարծ ռազմական սպառնալիք ներկայացնի Ադրբեջանի համար»,- նշել է Գյուլթեքինը։

Նա ավելացրել է, որ Ադրբեջանի հակազդեցությունն ավելի շուտ զգացմունքային է, քան բանական։ «Ադրբեջանի հակազդեցությունը, հիմնականում, խարսխված է խորհրդանշական, քան քաղաքականապես արդյունավետ որոշումների որոնման վրա։ Այնտեղ հավատում են, որ սահմանի բացումը կվտանգի Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև դա համարժեք կլինի նրան, որ Թուրքիան աջակցում է Հայաստանին տնտեսապես ու բարոյապես, ինչը բացասաբար կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա»,- ընդգծել է փորձագետը։ Նա հավելել է, որ ներկայացված փաստարկները չեն պատասխանում նաեւ այն հարցին, թե որքանով է արդյունավետ փակ սահմանների քաղաքականություն վարող Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը Ադրբեջանի համար։

«Այս փաստարկը կարելի է ենթադրել, որ տնտեսական շրջափակումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակ է»,- նշել է Գյուլթեքինը։ Նա հավելել է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը չտվեց իր արդյունքը, իսկ փակ սահմանները Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում ցանկալի արդյունքը չունեցան։ Փորձագետը վստահություն հայտնեց, որ Թուրքիայի կողմից սահմանի փակումը չօգնեց Ադրբեջանին՝ բանակցությունների սեղանի շուրջ, և չկարողացավ դրդել հայկական կողմին՝ խոշոր զիջումներ անել։ «Եկել է ժամանակը, և Թուրքիան հասկացավ, որ պահն է հրաժարվել ոչ մի արդյունքի չբերած քաղաքականությունից և սկսել Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը, որպեսզի առավել արդյունավետ լուծվի ղարաբաղյան հակամարտության խնդիրը»,- եզրափակել է նա։