Պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի մի շարք վայրերում օրինական հիմունքներով, տենդերներում հաղթելու միջոցով, ձեռք է բերել հանքավայրեր շահագործելու իրավունք։ Մասնավորապես, Հրազդան քաղաքի մերձակայքում, Լուսաջուր գյուղում Տ. Արզաքանցյանին պատկանող ընկերությունը շուտով կսկսի ոսկու հանքավայրի շահագործումը։ Այդ նպատակով Հրազդանում կառուցվել է վերամշակման գործարան, որտեղ կաշխատեն 500-600 մարդ։ Գործարանը առաջին տարում կարտադրի 1 տոննա ոսկու խտանյութ, երկրորդ տարուց՝ 2 տոննա։
«Ես այդ գործի մասնագետ չեմ, այդ պատճառով պրոֆեսիոնալ խումբ եմ հրավիրում, որոնք բաժնետեր դառնալով՝ կզարգացնեն ոսկու արտադրությունը»,- ասաց Տ. Արզաքանցյանը։ Նա առայժմ հրաժարվեց նշել գործընկերոջ անունը, քանի որ միայն նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Ըստ Տ. Արզաքանցյանի՝ այսօր աշխարհում միայն ոսկին է կայուն իրացվելի արժեք, արժեթղթերը, դոլարը կամ եվրոն այլեւս վստահություն չեն ներշնչում։ Նրա կանխատեսմամբ՝ ոսկու 1 ունցիան առաջիկա տարիներին 1000 դոլարից չի իջնի, ավելի հավանական է, որ կկայունա 1500 դոլարի շրջանում։
Հաջորդ հանքավայրը Նոյեմբերյանի տարածաշրջանում է, ուր Տ. Արզաքանցյանը 600 հազ. դոլարով (իր գնահատմամբ՝ շատ թանկ) ձեռք է բերել ցեմենտի հանքավայր։ Ներկայումս ֆրանսիական «Սատարեն» ընկերության հետ բանակցություններ են ընթանում Հայաստանում ցեմենտի գործարան կառուցելու շուրջ, որը պահանջում է մոտ 200 մլն դոլարի ներդրում։ Ֆրանսիացիները, ըստ Արզաքանցյանի, մինչ ճգնաժամն էին պատրաստվում ցեմենտի գործարան կառուցել, սակայն. «ճգնաժամը եկավ առաջ, այս ծրագրերը սառեցին, հիմա նորից աշխատում ենք դրա շուրջ»։
Ընդ որում՝ ֆրանսիական տեխնոլոգիայով արտադրված ցեմենտը համարյա ամբողջությամբ արտահանվելու է ասիական երկրներ։ Ֆրանսիացիների հաշվարկներով՝ դա լոգիստիկ առումով ավելի շահավետ է, քան ցեմենտը Ֆրանսիայից տեղափոխելը։ Գազի թանկացումը, ըստ Արզաքանցյանի, կնվազեցնի օգուտները, սակայն էական խոչընդոտ չի հանդիսանում։
Գործարար պատգամավորի մյուս հանքավայրը Սիսիանի տարածաշրջանում է՝ Սուֆլուի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Այստեղ առայժմ միայն երկրաբանահետախուզական աշխատանքներ են տարվել, որի վրա ծախսվել է մի քանի միլիոն դոլար։ Տ. Արզաքանցյանի տեղեկացմամբ՝ կան լուրջ ընկերություններ, որոնք շահագրգռված են համատեղ հարստացուցիչ գործարան կառուցելու հարցում։ Դրան նպաստում է պղնձի բարձր գինը միջազգային շուկայում, որը ներկա պահին գերազանցում է 8000 դոլարը 1 տոննայի համար։ Բարձրանում է նաեւ մոլիբդենի գինը։





























