Թայլանդում դատարանը փախստականների անօրինական տեղափոխման կազմակերպչին 35 տարվա ազատազրկման եւ 19 հազար դոլար տուգանքի է դատապարտել մոտ հարյուր միգրանտի սահմանն անցկացնելու փորձի համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գործով անցնող գլխավոր կասկածյալ Սունանդ Սաենգթոնգը եւ իր երկու հանցակիցները իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից ձերբակալվել են այն պահին, երբ փորձում էին անօրինական ներգաղթյալներով բեռնված հինգ մեքենայով անցնել սահմանը: Մեքենաներն այնքան խիտ էին լցված մարդկանցով, որ մի քանի մարդ շնչահեղձությունից մահացել էր:
Խմբի մոտ 40 անդամ 14 տարեկանից փոքր է:
Բոլոր միգրանտները ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչներ էին, որոնք հիմնականում ապրում են Մյանմայում եւ Բանգլադեշում, որտեղ նրանք հալածանքների եւ խտրականության են ենթարկվում, այդ թվում` իսլամին իրենց կրոնական պատկանելիության համար: Նրանք հաճախ են փորձում Մալայզիա մեկնել այնտեղ աշխատանք գտնելու:
Թայլանդի հարավում մեծապես զարգացած է մարդկանց ընդհատակյա տեղափոխման համակարգը, որի դեմ թագավորության հատուկ ծառայություններն ակտիվ պայքար են մղում: Միաժամանակ երկրի իշխանությունները նշում են, որ վերջերս հաճախացել են դեպքերը, երբ անօրինական տեղափոխումների հեղինակները իրենց զոհերին լաստանավերով թողել են ջրամբարներում, կամ ջունգլիներում գտնվող վրանային ճամբարներում:
Ոստիկանությունը եւ զինվորականները նաեւ անօրինական միգրանտների խմբակային գերեզմաններ են հայտնաբերել:





























