Եվրամիության առաջնորդները կքննարկեն Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո կառույցին նոր կյանք հաղորդելու հնարավորությունը: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Հանդիպումը նախանշված է սեպտեմբերի 16-ին, Բրատիսլավայում:

Տուսկի խոսքով՝ ԵՄ առաջնորդները մտադիր չեն քննարկել Բրիտանիայի հետ «ապահարզանի» պայմանները:

«Մեզ անհրաժեշտ է քննարկել Եվրամիության համար Brexit-ի քաղաքական հետեւանքները»,- նշել է Տուսկը՝ հավելելով, որ քանի դեռ Լոնդոնը պաշտոնապես չի հայտարարել ԵՄ-ի կազմից դուրս գալու մասին, այդ հարցով բանակցությունների ռազմավարություն չի քննարկվելու: