Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը կոչ է արել սպառազինությունների վերահսկողության հարցով նոր բանակցություններ անցկացնել: DW-ի փոխանցմամբ՝ Պոտսդամում ԵԱՀԿ անդամ 40 պետությունների ԱԳ նախարարների մասնակցությամբ անցկացված համաժողովում Շթայնմայերը նախազգուշացրել է սպառազինությունների մրցավազքի նոր փուլի վտանգի մասին:
Սպառազինությունների վերահսկողության շուրջ նոր բանակցությունների նախաձեռնությամբ Շթայնմայերը հանդես էր եկել դեռեւս անցյալ շաբաթ: Պոտսդամում նա գործընկերներին կոչ է արել վերականգնել վստահությունն Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ:
«Այստեղ ոչ ոք պատրանք չի տածում, ես՝ առավել եւս: Օրեցօր որեւէ հաջողության հասնել չի հաջողվում, սակայն հարկավոր է կրկին փորձել բանակցային գործընթաց սկսել»,- ասել է նա:
Հավելենք, որ Պոտսդամի համաժողովին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Թուրքիան ներկայացել են ԱԳ փոխնախարարների մակարդակով:





























