Դիվանագիտական երեք աղբյուր Reuters-ին հայտնել են Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին: «Այո, նա մահացել է», - ասել է աղբյուրներից մեկը:

Ուզբեկստանի «Ժողովրդական խոսք» պաշտոնաթերթը, վկայակոչելով կառավարությանը, այսօր առավոտյան հայտնել էր, որ Քարիմովը կրիտիկական վիճակում է: Խորհրդային տարիներից անփոփոխ 78-ամյա պետության ղեկավարի առողջությունը կտրուկ վատացել է վերջին   24 ժամվա ընթացքում, ասված է հաղորդագրության մեջ: 

Անցած շաբաթ` օգոստոսի 27-ին Քարիմովն ուղեղի արյունազեղում է ունեցել, հայտնել է նրա կրտսեր դուստրը: Իշխանությունները ժլատորեն են տեղեկացրել հիվանդանոց տեղափոխելու մասին լուրը եւ լռություն են պահպանել իրերի դրության վերաբերյալ, ինչը ենթադրությունների տեղիք է տվել, թե պետության հեղինակավոր ղեկավարը գուցե մահացել է:  Քարիմովի հայրենի քաղաքի` Սամարղանդի իշխանությունները ուրբաթ գիշերը ուժային կառույցների արտակարգ մոբիլիզացիա են կազմակերպել կենտրոնական փողոցները մաքրելու համար, ինչը կարող է հուղարկավորության նախապատրաստություն մատնանշել: