ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին դրական է գնահատել միջազգային հրատապ խնդիրների կարգավորման հարցում Ռուսաստանի հետ փոխգործակցության արդյունքները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ պետքարտուղարն այսպիսի կարծիք է հայտնել հինգշաբթի The Times of India-ում հրապարակված հարցազրույցում:
 
Պատասխանելով հարցին՝ ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանին չե՞ն դրդի Չինաստանի հետ արագ մերձեցման, Քերրին հայտարարել է, որ Ռուսաստանը «չի պատրաստվում գիրկն ընկնել (Չինաստանի – խմբ.), դա ռուսների բնույթին հատուկ չէ»:

«Դա հպարտ երկիր է՝ վիթխարի պատմությամբ, մեծ տաղանդով եւ ընդունակություններով»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ շարունակելով. «Մենք կցանկանայինք, որ այդ ամենը երբեմն առավել կառուցողական հուն ուղղվեր»:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ շատ հարցերում է համագործակցում: «Նրանք կարեւոր գործընկեր էին Իրանի միջուկային համաձայնագրի ձեռքբերման գործընթացում. նրանք ցուցաբերեցին կառուցողական մոտեցում՝ վերամշակման նպատակով վերցնելով մշակված միջուկային վառելիքը եւ դրանով նվազեցնելով դրա պաշարները: Մենք միասին ենք աշխատել Սիրիայից բխող քիմիական զենքի սպառնալիքի հարցում, մենք այնտեղ փորձում ենք հասնել մարտական գործողությունների դադարեցման»,- հիշեցրել է Ջոն Քերրին: