Շատերը կարծում են, որ չորեքշաբթի օրը Բրազիլիայի Սենատի ընդունած որոշումը ոչ միայն Դիլմա Ռուսեֆի «քաղաքական մահն» է նշանակում, ինչպես բնութագրել է նրա փաստաբան Խոսե Էդուարդո Կարդոզոն, այլեւ նախկին նախագահ Լուիս Ինասիո դա Սիլվայի առաջարկած զարգացման մոդելի կործանումը, հայտնում է El Periodico-ն:
«Հավանաբար Դիլման Բրազիլիայի այն եզակի քաղաքական գործիչներից է, որը հանուն սեփական հարստացման չի գողացել, բայց նրան դատում են նրանք, ովքեր դա արել են թավշյա հեղաշրջման միջոցով»,- երկու ամիս առաջ ասել էր ձախերի գուրու Նոամ Չոմսկին: Ռուսեֆը չկարողացավ կամ չցանկացավ խաղալ Բրազիլիայի քաղաքական խաղը:
Տեխնոկրատական ոգուն հավատարիմ եւ հեռու Ազգային կոնգրեսի խավար միջանցքների իրարանցումից՝ նախագահ Ռուսեֆը, որը երիտասարդ տարիներին «Հեղափոխական զինված ավանգարդի» հաշիվների պատասխանատու էր, փակվել էր իր մայրաքաղաքային աշխատասենյակում՝ զարգացման մեխանիզմը գործի գցելու համար: Եթե նրա նախորդն ու կնքահայրը գործարկեց Bolsa Familia («Ընտանեկան դրամապանակ») սոցիալական ծրագիրը, որը 2003 թվականից աղքատության ճիրաններից փրկեց 35 մլն մարդու, ապա Ռուսեֆը ձեռքը վերցրեց հաշվիչը, որպեսզի 2009 թվականին մեկնարկի Mi vida, Mi casa («Իմ կյանքը, Իմ տունը») ծրագիրը, որը նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտին 4,6 մլն բակարան էր տալու Բրազիլիայի ամենակարիքավոր ընտանիքներին:
Բայց ոչ միայն դա, Ռուսեֆը ցանկանում էր նավթային կիսապետական Petrobras ընկերությունը վերածել Բրազիլիայում փոփոխությունների շարժիչի՝ այսպես կոչված, «Ռոյալթիի մասին» օրենքի միջոցով, որը պարտավորեցնելու էր նավթային ճյուղի շահույթի 75 տոկոսը ներդնել կրթության, իսկ 25 տոկոսը առողջապահության ոլորտում: Դա վիթխարի գումար էր՝ 31 մլն եվրո առաջին տասնամյակի ընթացքում եւ լրացուցիչ 99.839 եվրո մինչեւ 2045 թվականը, որ մեկընդմիշտ ետեւում կթողներ Լատինական Ամերիկայի ամենաթույլ կրթական համակարգը: Հնարավոր է՝ մոլորակի մեծ բիզնեսի՝ Petrobras-ի հետ խաղի մեջ մտնելու վճռականության հետեւանքն էր կոռուպցիոն սկանդալը, որ սադրեց բրազիլական ճգնաժամը:





























