Եվրոպային սպառազինության մրցավազքի նոր տարբերակ է սպառնում, Handelsblatt պարբերականում իր մտահոգությունն է հայտնել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:
Եվրոպական անվտանգությունը սպառնալիքի տակ է: Դեռեւս մի քանի տարի առաջ չէինք կարող դա պատկերացնել, իսկ այժմ Եվրոպայի անվտանգության համար մտահոգությունը մեր քաղաքական օրակարգի կարեւորագույն խնդիրն է: Դեռ մինչ Ուկրաինայի հակամարտությունը, վերստին երեւան էր եկել դաշինքների առճակատում, որը երկար ժամանակ հաղթահարելի էր համարվում: Բայց արդեն ոչ թե որպես կումունիզմի եւ կապիտալիզմի անհաշտելի հակասություն, այլ որպես հասարակական ճիշտ կարգի՝ ազատության, ժողովրդավարության, իրավական պետության եւ մարդու իրավունքների, վեճ, նաեւ՝ որպես պայքար ազդեցության աշխարհաքաղաքական ոլորտների համար:
Ղրիմի ապօրինի զավթումից հետո Ռուսաստանը հարցականի տակ է դրել եվրոպական խաղաղ ճարտարապետության հիմնարար սկզբունքները: Հակամարտության կառուցվածքը դրամատիկորեն փոխվել է: Ավելի ու ավելի մեծ նշանակություն է տրվում առճակատումների հիբրիդային ձեւերին եւ ոչ պետական մասնակիցներին: Դրանից զատ, նոր տեխնոլոգիաներում նոր սպառնալիքներ են թաքնվում՝ համակարգչային տեխնիկայի հարձակողական հատկություններ, ռազմականացված անօդաչուներ, ռոբոտներ, պայքարի էլեկտրոնային միջոցներ, լազերային եւ դիստանցիոն զենք: Գործողությունների նոր սցենարներն են՝ առավել մանր միավորումներ, հարվածային առավել մեծ ուժ, առավել մեծ շարժունակություն, որոնք չեն գրանցվում թափանցիկության եւ վերահսկման գործող կարգերի կողմից: Առկա է սպառազինության մրցավազքի նոր տեսակի վտանգավոր գալարի սպառնալիք:
Եվրոպայում խաղաղությունը լարվածության լիցքաթափման քաղաքականության հետեւանքն է, որը վերջին երկու տասնամյակում մենք ինքնին հասկանալի էինք համարում: Հիմա այդ ամենը վերստին վտանգված է: Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ խոր անդունդ է առաջացել, եւ ես վախենում եմ, որ անգամ մեծագույն ջանքերով չենք կարողանա այն արագորեն լցնել: Միայն մի բան կասկած չի հարուցում՝ առանց այդպիսի ջանքերի Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս խաղաղությունը չափազանց խարխուլ կլինի:
Ոչ ոք պատրանքներ չպետք է ունենա դժվարությունների եւ այն բանի առումով, ինչն այսօր, հենց այսօր է հնարավոր հակամարտություններից բզկտված աշխարհում՝ հակամարտություն Ուկրաինայի արեւելքում, Սիրիայում եւ Լիբանանում, երբ մենք պաշտպանված ենք նոր էսկալացիայից եւ հետագա պարտություններից: Եվ հենց այդ պատճառով եմ սպառազինությունների վերահսկման նոր մեկնարկի մասին քարոզում՝ որպես թափանցիկության հասնելու համար ստուգված միջոց, վտանգից խուսափելու եւ վստահության մթնոլորտ ստեղծելու համար:
1967 թվականին Հարմելի զեկույցից հետո Արեւմուտքը Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքում խաղադրույք է կատարում Deterrence եւ Détente-ի կրկնակի ռազմավարության վրա: ՆԱՏՕ-ի Վարշավայում տեղի ունեցած գագաթնաժողովում դաշինքն ընտրեց հենց այս կրկնակի ռազմավարությունը: Մենք որոշում ընդունեցինք ռազմական անվտանգության անհրաժեշտության մասին, եւ միաժամանակ հաստատեցինք Եվրոպայում կոոպերատիվ անվտանգության համար մեր քաղաքական պատասխանատվությունը: Սակայն սպառնալիքը կոնկրետ է եւ տեսանելի է բոլորին, ուստի առաջարկները եւս պետք է կոնկրետ լինեն: Այլապես հավասարակշռությունը կխախտվի, երեւան կգան սխալ մեկնաբանություններ, եւ մենք ոչինչ չենք կարողանա հակադրել սպառազինության մրցավազքի ծավալմանը:
Սպառազինության եւ զինաթափման վերահսկման գոյություն ունեցող կարգերը արդեն տարիներ շարունակ կործանվում են: Եվրոպայում Սովորական սպառազինության մասին պայմանագիրը, որը 1990 թվականից հետո օգնեց Եվրոպայում ոչնչացնել տասնյակ տանկեր եւ ծանր սպառազինություն, արդեն մի քանի տարի է Ռուսաստանի կողմից չի կատարվում: Վիեննայում ընդունված փաստաթղթի ստուգող մեխանիզմները չեն գործում: Ռուսաստանը հրաժարվում է անհրաժեշտ արդիականացումից: Սահմանափակվել է նաեւ Բաց երկնքի մասին պայմանագիրը: Ղրիմը զավթելուց հետո Բուդապեշտի հուշագիրն Ուկրաինայի համար թղթի թափոնի վերածվեց: Տասնամյակների ընթացքում դժվարությամբ հաստատված վստահությունը կորսվել է: Մինչդեռ Ռուսաստանից լսում ենք Եվրոպայում սովորական սպառազինության վերահսկման մասին նոր բանավեճերի պահանջներ: Ռուսաստանին իր խոսքի վրա բռնացնելու ճիշտ ժամանակն է:
Սովորական սպառազինությունների վերահսկողության նոր սկիզբը պետք է, իմ կարծիքով, առնչվի 5 ոլորտների: Մեզ պետք է հմաձայնագրեր, որոնք կսահմանեն տարածաշրջանային վերին սահմանները, թափանցիկության միջոցառումները (հատկապես այն շրջաններում, որոնք խոցելի են ռազմական առումով, ինչպես օրինակ Բալթիկան է): Համաձայնագրերը, որոնք համապատասխանում են նոր զինվորական որակներին եւ ռազմաբարություններին (մենք այսօր քիչ ենք խոսում դասական, ծանր բանակների մասին, ավելի շատ փոքր, շարժունակ կազմավորումների մասին,այնպես որ մենք պետք է, օրինակ, նկատի ունենանք նաեւ տեղափոխման հնարավորությունները), որոնք իրենց մեջ ներառում են սպառազինության նոր համակարգեր (օրինակ անօդաչուները). արագ կիրառելի, ճկուն եւ ճգնաժամային պայմաններում անկախ, ինչպես նաեւ կիրառելի այն տարածքներում, որոնց կարգավիճակը վիճելի է: Այդ ամենի համար կարեւոր երկխոսային ֆորում է ԵԱՀԿ-ն, որտեղ այս տարի նախագահում է Գերմանիան:
Կարո՞ղ է նման նախաձեռնությունը հաջողություն ունենալ հիմա, լղոզված միջազգային կարգի ժամանակներում եւ Ռուսաստանին հայացք ձգելով: Համաձայն եմ, որ ոչ անպայման: Բայց միայն այդ պատճառով փորձ չձեռնարկելը անպատասխանատու կլիներ: Այո, Ռուսաստանը խախտել է հիմնարար խաղաղության սկզբունքները: Այո, այդ սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, գործընկերների ազատ ընտրություն, միջազգային իրավունքի ճանաչում, մեզ համար առեւտրի առարկա չեն, բայց միաժամանակ մեզ պետք է միավորի հետաքրքրությունն այն բանի հանդեպ, որպեսզի խուսափենք լարվածության ցանկացած հետագա պարուրաձեւ ալիքից, հաղորդում է Inosmi-ն:
Մենք կիսում ենք տեսակետը, որ մեր աշխարհն ավելի վտանգավոր է դարձել. իսլամական ահաբեկչությունը, դաժան հակամարտությունները Միջին Արեւելքում, տապալվող պետական կարգերը, փախստականների հետ կապված ճգնաժամը սպառնում են մեզ բոլորիս: Մեր ներուժը անվտանգության քաղաքականության մեջ, ինչպես Արեւմուտքում, այնպես էլ Ռուսաստանում հասցված է առավելագույնին: Ոչ ոք չի շահում, բոլորը պարտվելու են, եթե մենք ուժասպառ լինենք միմյանց դեմ սպառազինության մրցավազքից: Սպառազինությունների վերահսկողության նոր մեկնարկով մենք կարող ենք համագործակցության կոնկրետ առաջարկներ անել բոլոր նրանց, որոնք ուզում են պատասխանտվություն կրել Եվրոպայի անվտանգության համար: Եկել է ժամանակը, որ փորձենք անելի անհնարինը...
Հեղինակ՝ Գերմանիայի ԱԳ նախարար





























