ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը շարունակում է մեծ տարբերությամբ առաջ անցնել Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփից: Նման տվյալներ է հրապարակել USA Today-ը, որը Սաֆոքլի համալսարանի սոցիոլոգների հետ միասին փորձել է պարզել քաղաքական գործիչների հանդեպ ԱՄՆ քաղաքացիների վերաբերմունքը:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ նախկին առաջին տիկնոջը սատարում է երկրի կանանց 54%-ը, մինչդեռ Թրամփի պարագայում այդ ցուցանիշը 38% է:

Նախկին պետքարտուղարը ժողովրդականություն է վայելում նաեւ փոքրամասնությունների շրջանում. նրան աջակցում է աֆրոամերիկացիների 92%-ը եւ լատինաամերիկացիների 65%-ը: Նրանց շրջանում Թրամփին սատարողների թիվը չափազանց քիչ է, համապատասխանաբար՝ 4% եւ 24%:

Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել ԱՄՆ-ի հյուսիս-արեւելյան հատվածի բնակիչների 58%-ը եւ Արեւմտյան ափի բնակիչների 52%-ը: Մինչդեռ հանրապետական թեկնածուին սատարում է այդ շրջանների բնակիչների շուրջ 35%-ը: