Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է,որ կառավարությունը չի հրաժարվում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բունդեսթագի բանաձեւից: Այս մասին Մերկելը ասել է սեպտեմբերի 2-ին RTL հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Բոլոր մյուս պնդումները նա «կտրականապես հերքում է», հայտնում է DW–ն:
Ընդ որում ցանկացած բանաձեւ, ըստ կանցլերի, պետք չէ համարել «իրավաբանական տեսակետից պարտադիր կատարման համար», դրանք ընդամենը քաղաքական դիրքորոշումներ են: Ավելի վաղ այդ նույն ոգով է արտահայտվել նաեւ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը:
Գերմանիայում հայերի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ Սամուել Լուլուկյանը կոշտ քննադատել է Բեռլինի դիրքորոշումը: «Դա հրաժարվելուց էլ այն կողմ է: Դա ամոթալի է ու քաոտիկ»- հայտնել է Լուլուկյանը Rheinische Post թերթին տված հարցազրույցում: Նա հարց է տվել, թե ինչպես կարող է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը չունենալ իրավական պարտավորություններ՝ անվանելով դա «բառախաղ»: Նույնատիպ տեսակետ է արտահայտել նաեւ Հայ- գերմանական միության նախագահ Րաֆֆի Կանտյանը: Բացի ամենայնից նա մտավախություններ ունի, որ հիմա Գերմանիայի դաշնային հողերը դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին խոսելու ավելի քիչ առիթ կունենան՝ այն ինչ համառորեն խորհուրդ է տալիս բունդեսթագի բանաձեւը: Rheinische Post-ի տեղեկություններով առայսօր այս թեմային անդրադարձել են միայն Բրանդենբուրգ դաշնային հողի դասաժամերին:
Ընդ որում թուրքական կառավարական շրջանակներում պաշտոնական Բեռլինի տեսակետը դրական արձագանք է ստացել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչ Ռեֆիկ Սողուկօղլուն: «Մենք գնահատում ենք Զայբերտի արտահայտությունն այն մասին, որ ցեղասպանության սահմանումը պետք է դատարանները որոշեն, այլ ոչ թե խորհրդարանները»,- հայտնել է դիվանագետը:




























