Չինաստանն ու Թուրքիան մտադրություն են հայտնել ամրապնդել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին հայտարարություն է արվել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ: Հանդիպումը տեղի է ունեցել Չինաստանի Հանչժոու քաղաքում, G20-ի գագաթաժողովի նախաշեմին, որը կայանալու է սեպտեմբերի 4-5-ին:

Սի Ցզինպինի խոսքով, Չինաստանը հույս ունի, որ երկու երկրների համագործակցությունն անվտանգության ոլորտում եւ ահաբեկչության դեմ պայքարում էլ ավելի զգալի արդյունքների կհանգեցնի: Նա նաեւ նշել է, որ կողմերը պետք է նպաստեն, որպեսզի ռազմավարական համագործակցության հարաբերություններն էլ ավելի մեծ հաջողություններ արձանագրեն:

Իր հերթին Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ տարբեր ոլորտներում բարձր մակարդակի սերտ կապերը օգնել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: «Թուրքական կողմը շնորհակալ է Չինաստանին՝ Թուրքիայի պետական անվտանգության եւ սոցիալական կայունության պաշտպանության գործում աջակցելու համար: Թուրքիան հույս ունի խորացնել համագործակցությունը Չինաստանի հետ ներդրումների, էներգետիկայի, ավիացիայի, գյուղատնտեսության, տուրիզմի ոլորտներում եւ ահաբեկչության դեմ պայքարում»,-հայտարարել է Էրդողանը: