Թուրքիայի որոշումը` հունական կղզիներից հետ կանչել իր չինովնիկներին, որոնք կապ էին ապահովում տեղի իշխանությունների հետ, փաստացիորեն կանգնեցրել է միգրանտների վերաբերյալ Թուրքիայի` ԵՄ-ի հետ համաձայնագրի իրականացումը, հայտնել է ՄԱԿ-ի բարձրաստիճան աշխատակից Վենսան Կոշետելը, հայտնում է Ինոպրեսան: 

Թուրքական իշխանությունների որոշումը պայմանավորված է նրանով, որ նախագահ Էրդողանը պետծառայությունից  «մաքրում է» պետական հեղաշրջման փորձի մեջ կասկածվողներին: ՄԱԿ-ի` Եվրոպայում փախստականների հարցերով գործակալության   (ՄԱԿ ՓՀԳ) գործադիր տնօրեն Կոշետելը հայտնել է, որ թուրք այդ պաշտոնյաների բացակայության հետեւանքով փախստականների արտաքսումը Թուրքիա դադարել է: Դա եւս մեկ մեխ է Թուրքիա-ԵՄ համաձայնագրի դագաղում, մեկնաբանում է թերթը:   «Համաձայնագրի որոշ ասպեկտներ փաստացիորեն դադարեցվել են», - ասել է Կոշետելը:  «Որքան հասկանում ենք,  հունական ոստիկանությունը եւ «Ֆրոնտեքսը»   (ԵՄ-ի գործակալությունը, որը զբաղվում է սահմանապահ ծառայությամբ) վերականգնում են շփումները թուրք գործընկերների հետ, բայց ամսաթվերն անընդհատ փոխվում են եւ մենք չգիտենք, թե երբ կվերականգնվի համագործակցությունը», - ասել է Կոշետելը աթենքյան  Proto Thema թերթին տված հարցազրույցում:

Միաժամանակ Թուրքիայի` ԵՄ-ի հետ կապերի նախարար  Օմեր Չելիկը հայտնել է, որ Թուրքիան չի կատարի համաձայնագիրը, եթե ԵՄ-ը թուրք քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ չներմուծի: «Դիտորդները զգուշացնում են. եթե ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը վերջնականապես փլուզվի,  դարձյալ կբացվեն «ջրարգելակները» դեպի Եվրոպա, որն անցյալ տարի   1,2 մլն մարդ է ընդունել, միգրանտների նոր ալիք կառաջանա», - գրում է թերթը: