«Առավոտ» թերթն անդրադարձել է 1988 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի Շամխորի շրջանի հռչակավոր Չարդախլու գյուղից Հայաստան գաղթած բնակիչներին խնդիրներին: «Նրանց մի մասը հաստատվեց Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, ուր չարդախլվեցիների նոր բնակավայրը ստացավ Զորական անունը: Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանի վկայությամբ՝ իրենց բռնագաղթից մեկ տարի անց ադրբեջանցիները սկսել են քանդել գյուղի գերեզմանատունը: Նախկին չարդախլվեցիները Կիրովաբադի, Շամխորի շրջաններից սերված՝ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիներից տեղեկացել են, որ գյուղի գերեզմանատունն ամբողջությամբ ավիրված է: Ի հիշատակ նախնիների եւ հարազատների, որոնց շիրիմներն ադրբեջանցիներն ավերել են, Ռուսաստանում ապրող չարդախլվեցիների հանգանակությամբ Զորականի գերեզմանատանը հուշաղբյուր է կառուցվել:
Ադրբեջանցիները Չարդախլու գյուղում գտնվող մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի թանգարանն էլ «չայխանա» են դարձրել»,- գրում է թերթը:




























