Սովորաբար Պուտինի հետ մեր հանդիպումներն ընթանում են բաց, ազնիվ, գործնական մթնոլորտում, եւ այս հանդիպումը բացառություն չէր: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում, որոնք ավելի երկար են տեւել, քան ի սկզբանե նախատեսված էր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահի խոսքով, պետության ղեկավարները քննարկել են Սիրիայում իրավիճակը:  «Մենք արդյունավետ բանակցություններ ենք անցկացրել այն մասին, թե ինչպիսի տեսք կունենա հրադադարի իրական ռեժիմը, ինչը մեզ` Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին թույլ կտա կենտրոնանալ ընդհանուր թշնամիների վրա, ինչպիսիք են   «Իսլամական պետությունը» եւ «Ջեբհաթ ան-Նուսրան», — հայտնել է Օբաման` նշելով, որ առայժմ Մոսկվային եւ Վաշինգտոնին չի հաջողվել մոտեցնել դիրքորոշումները: 

Ամերիկյան առաջնորդը նշել է, որ ինքը եւ  Պուտինը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերրիին եւ Սերգեյ Լավրովին հանձնարարել են շարունակել աշխատանքը Սիրիայի վերաբերյալ համաձայնագրի ձեռք բերման ուղղությամբ:

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումն անցել է չինական Հանչժոու քաղաքում G20-ի` («Քսանի խմբի») սեպտեմբերի  4-ին սկսված  գագաթնաժողովի շրջանակում: