Ավստրիայում ձգձգվող նախագահական ընտրապայքարը եւս երեք ամիս կշարունակվի՝ խորհրդարանական կուսակցությունները երկուշաբթի երկրի ՆԳՆ-ի հետ համաձայնեցրել են քվեարկության նոր ժամկետը՝ 2016-ի դեկտեմբերի 4-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մինչ այդ ընտրությունները հոկտեմբերի 2-ին էին ծրագրված, բայց քվեարկությունը ստիպված են եղել հետաձգել քվեաթերթիկների արտադրության մեջ զանգվածային խոտանի պատճառով, իսկ արդեն կայացած երկրորդ փուլի արդյունքները երկրի Սահմանադրական դատարանն էր չեղարկել ձայների հաշվարկի ժամանակ տեղ գտած խախտումների պատճառով:

Այսպիսով Ավստրիան ընդհանուր առմամբ առնվազն կես տարի ստիպված է լինելու մնալ առանց նախագահ, որի գործառույթները կոլեգիալ ձեւով կկատարի Ազգային խորհրդի պրեզիդիումը: Առայժմ այն արդեն ավելի քան երկու ամիս հաջողությամբ կատարում է դրանք: Սակայն այն հարցը, թե ով է կարդալու ամանորյա ուղերձը քաղաքացիներին, դեռ անպատասխան է մնում: