Ռուս կենսաբանները պարզել են, թե ինչպես է մեր օրգանիզմն արձագանքում շոգին եւ ջերմությանը, երբ համակարգիչների օգնությամբ հետազոտել են օրգանիզմի գլխավոր «ջերմաչափի»՝ TRPV1 սպիտակուցի կառուցվածքը եւ նյարդային բջիջներին «միանալու» մեխանիզմները: Այս մասին նշված է Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածում:
Ռուսաստանի ԳԱ Մոսկվայի Բիոքիմիայի ինստիտուտի աշխատակից Անտոն Չուգունովը նշել է, որ իր գիտական խմբին առաջին անգամ հաջողվել է համակարգչային խթանմամբ տեսնել, թե ինչպես է սպիտակուցն արձագանքում ջերմաստիճանի փոփոխությանը եւ այդ փոփոխություններն ինչպես են ազդում նրա աշխատանքի առանձնահատկությունների վրա, ինչը կենսաբաններին թույլ է տվել բացահայտել այն գաղտնիքը, թե ինչպես է մեր մարմինն զգում ջերմությունը: TRPV1 սպիտակուցը մտնում է, այսպես կոչված, TRP-ռեցեպտորների ընտանիքի մեջ եւ համարվում է մարմնի գլխավոր «ջերմաչափերից» մեկը:
Չուգունովի խոսքով՝ այդ սպիտակուցի կառուցվածքը գիտնականներին հրաշալի հայտնի է, սակայն կենսաբանները գրեթե ոչինչ չգիտեն, թե այն ինչպես է աշխատում եւ փոփոխվում ջերմաստիճանի ազդեցությամբ: Այդ պատճառով դժվար է բացահայտել TRPV1-ի այլ դերերը եւ այն, թե ինչպես է հնարավոր մանիպուլյացիայի ենթարկել այդ սպիտակուցի աշխատանքը, որպեսզի, օրինակ, այրվածքների կամ բորբոքումների ժամանակ ցավը մեղմվի:
Ռուս գիտնականները այդ խնդրի լուծման ուղղությամբ մեծ քայլ են կատարել՝ իրենց համար անսպասելի բացահայտելով, թե ինչպես է TRPV1-ի կառուցվածքը փոխվում ջերմաստիճանի բարձրանալու կամ իջնելու դեպքում: Ջերմաստիճանի անկումը չի հանգեցրել սպիտակուցի ակնթարթային «անջատման»՝ նրա մեջ ուղին բաց է մնացել միկրովայրկյանի ընթացքում, որը բջջային չափումներով հավասար է հավերժության: Ինստիտուտի գիտնականները հուսով են, որ այս տվյալները կօգնեն առավել արդյունավետ ցավազրկողներ ստեղծել, որոնք ներկայումս կիրառվող դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները չեն ունենա:





























