Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել չճանաչել Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը, որոնք Մոսկվան փորձում է անցկացնել «ժամանակավորապես գրավված Ղրիմում եւ Սեւաստոպոլ քաղաքում»: Այս մասին նա հայտարարել է G7-ի եւ Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ «Ուկրաինսկայա պրավդա»-ի՝ Պորոշենկոն ընդգծել է «Ղրիմի ապօրինի բռնակցումը չճանաչելու» քաղաքականությունը պահպանելու կարեւորությունը, որտեղ «աղետալի կերպով վատթարանում է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը»:

Նա հաստատել է, որ Ուկրաինան շարունակում է Դոնբասում իրադրության քաղաքական-դիվանագիտական կարգավորման վճռական կողմնակիցը մնալ: Այս փուլում, ըստ Պորոշենկոյի, հիմնական ջանքերը պետք է ուղղվեն անվտանգության մասով Մինսկի համաձայնությունների իրականացմանը: