33-ամյա անգլիացի Սայմոն Օ’Քեյնը կատակով eBay կայքում կնոջը՝ Լեանդրային, վաճառելու հայտարարություն է տեղադրել, ում նկարագրել է ավտոմեքենայի տերմիններով:

Որքան մեծ է եղել նրա զարմանքը, երբ օգտատերերի կողմից կնոջն առաջարկվող գինը գերազանցել է թանկարժեք Jaguar ավտոմեքենայի գնին, հաղորդում է The Daily Mail-ը:

Այս հայտարարությունում Սայմոնը հեգնանքով պատմել է Լեանդրա «մոդելի» առավելությունների ու թերությունների մասին: Ըստ այդմ, Լեանդրան «թափքի լավ կառուցվածք ունի, վերջերս ներկվել է եւ իրեն վատ չի պահում խոհանոցում», թեեւ երբեմն ջանասիրությունը նրան հասցրել է հիվանդանոցի մահճակալին:

«Նա նոր չէ, նրանից օգտվել են, բայց ունակ է դեռ բավական մեծ տարածություն անցնել»,-ասված է տեքստում:
Ինչ վերաբերում է թերություններին, Օ'Քեյնը պնդում է, որ նա «աղմուկ է հանում, որը հնարավոր չէ վերացնել, քանի դեռ մի քանի նոր մետաղական դետալ չես գնել»:

Ավտոսիրողը նշել է պատճառը, թե ինչու է որոշել վաճառել կնոջը. «Նա հոգատար չի եղել, երբ ամուսինը բողոքել է վատ ինքնազգացողությունից: Տղամարդը հիշեցրել է, որ վաճառված ապրանքը վերադարձի ենթակա չէ:

Հայտարարությունը տեղադրվել է նախորդ չորեքշաբթի երեկոյան, իսկ արդեն ուրբաթ երեկոյան 27-ամյա Լեանդրայի համար առաջարկում էին 65,889 ֆունտ: Այդ փողով կարելի է BMW ու Mercedes գնել: