Ճապոնիայում հիմա 65 հազար 692 մարդ է բնակվում, որոնց տարիքը գերազանցում է 100 տարեկանը, նման տվյալներ է հրապարակել Ճապոնիայի առողջապահության նախարարությունը Ծերությունը հարգելու օրվա նախօրեին, ոը նշվում է սեպտեմբերի 19-ին ու պետական տոն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սա ամենաբարձր ցուցանիշն է երկրի ամբողջ պատմության ընթացքում: Երկարակյացների ճնշող մեծամասնությունը՝ 88 տոկոսը, կանայք են, 65 հազարից ընդամենը 8 հազարն է տղամարդ, իսկ 57 հազարը կին է: 100 հազար բնակիչներին բաժին հասնող երկարակյացների հարաբերակցությամբ արդեն չորրորդ տարին առաջատար է համարվում Սիմանե պրեֆեկտուրան:

Ամենատարեց ճապոնուհին ապրում է Կագոսիմա պրեֆեկտուրայում, նա ծնվել է 1900 թ. օգոստոսին: Ամենատարեց տղամարդը՝ Մասամիցու Յոսիդան, ապրում է Տոկիոյում , նա 112 տարեկան է:

Նախարարությունը երկարակեցության աճի հիմնական պատճառներն է համարում բուժսպասարկման մակարդակի բարձրացումը , նաեւ հենց տարեց մարդկանց գիտակցության աճը, որոնք նախընտրում են ժամանակին դիմել բժիշկներին:

Ծերերին հարգելու օրը առողջապահության նախարարությունը 100 տարեկան դարձած յուրաքանչյուր բնակչի ավանդաբար հանձնում է արծաթե գավաթ ու հավաստագիր: Ի սկզբանե գավաթը պատրաստված է եղել մաքուր արծաթից, սակայն երկարակյացների աճած թվի պատճառով այս տարվանից այն փոխարինել են արծաթազօծ գավաթով, ինչը կրկնակի կրճատել է գինը: Բայցեւայնպես 100 ամյա հոբելյարներին շնորհավորելու համար առողջապահության նախարարության ծախսերը մոտ 150 միլիոն իենի է հասել (շուրջ 1.5 մլն դոլար)