Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը սեպտեմբերի 12-ին, հանդիպել է այդ երկրի ԱԳՆ քաղաքական տնօրեն Ռոլանդաս Կաչինսկասին եւ նրա հետ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, անդրադարձ է կատարվել երկկողմ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների խթանման նախաձեռնություններին։

Լիտվայի ԱԳՆ քաղաքական տնօրենը մեծապես կարեւորել է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ընթացքը: Դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ ակնկալվում է մոտ ապագայում ավարտին հասցնել բանակցությունները։ ՀՀ դեսպանը հավելել է, որ Հայաստանն իր հարաբերությունները տարբեր երկրների եւ կառույցների հետ զարգացնում է համագործակցության եւ բարիդրացիության սկզբունքներից ելնելով։

Քննարկվեցին տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հետ կապված խնդիրներ։ Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի մոտեցումներին ու ջանքերին, հատկապես Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայից հետո ստեղծված պայմաններում: