Եվրամիության երկրների պաշտպանության նախարարները համատեղ բանակի ստեղծման մասին առաջին որոշումը կարող են կայացնել արդեն նոյեմբերին: Այս մասին Sputnik-ին հայտնել է Գերմանիայի ՊՆ ներկայացուցիչը:
Աղբյուրի խոսքով՝ հարցը քննարկվելու է նոյեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք նախարարական հավաքի ժամանակ:
Պաշտոնական Բեռլինի տվյալներով՝ ԵՄ-ի ղեկավարներն ընդհանուր բանակի առաջարկված հայեցակարգի շուրջ իրենց կարծիքը կհայտնեն դեկտեմբերի 15-16-ին ԵՄ Խորհրդի հանդիպման ժամանակ:
Ֆրանսիայի եւ Գերմանիայի պաշտպանության նախարարներ Ժան-Իվ Լե Դրիանն ու Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին հստակ առաջարկներով նամակ էին ուղարկել: Süddeutsche Zeitung պարբերականի տվյալներով՝ դրանք ենթադրում են, մասնավորապես, ԵՄ քաղաքացիական եւ զինվորական գործողությունների հրամանատարական միացյալ շտաբի, արբանյակային հսկողության ընդհանուր համակարգի ստեղծում, լոգիստիկ եւ ռազմա-բժշկական ռեսուրսների փոխանակում:





























