Ֆիլիպինցի նախկին վարձու մարդասպանը խոստովանել է, որ երկրի գործող նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Դավաոյի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին հրամայել էր առանց դատարանի սպանել հանցագործներին եւ իր ընդդիմադիրներին, հայտնում է BBC–ն։
Սենատում լսումների ժամանակ Էդգար Մատոաբատոն պատմել է, որ Դուտերտեն անձամբ իրեն եւ այլ վարձու մարդասպանների հրահանգել է նման հանցագործություններ կատարել։ Նրա խոսքով՝ նման արտադատական դատաստանների հետեւանքով մոտ 1000 մարդ է սպանվել։ Ինքը՝ Դուտերտեն, ավելի վաղ հերքել էր հանցագործություններին իր մասնակցությունը։
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հունիսի 30-ին ստանձնել է իր պաշտոնը։ Նա իր նախընտրական ծրագրի շրջանակներում խոստացել էր ամեն գնով արմատախիլ անել երկրում թմրավաճառությունը։
Նրա նախագահության 2 ամիսների ընթացքում արտադատական դատաստանով սպանվել է ավելի քան 2000 ենթադրյալ թմրամոլ եւ թմրավաճառ։





























