ԿԺԴՀ արտգործնախարարությունն ասիական երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին դիմել է Խամգեն Պուկտո նահանգի հյուսիսային մասում ջրհեղեղների հետեւանքները վերացնելու հարցում օգնելու խնդրանքով, հայտնում է «Սինհուան»:

Ճեպազրույցին մասնակցում էին 9 ասիական երկրների՝ այդ թվում Մոնղոլիայի, Վյետնամի ու Լաոսի դիվանագիտական ներկայացուցիչները: Հյուսիսկորեական ԱԳՆ-ն տեղեկացրել է տուժած շրջաններում իրավիճակի մասին՝ Փհենյանի հետ մշտական բարեկամական հարաբերություններ պահպանող ասիական երկրներին կոչ անելով ակտիվ աջակցել ԿԺԴՀ-ին՝ հետտարերային վերականգնման հարցում:

Համապատասխան երկրների դիվանագիտական ներկայացուցիչները ցավակցել են ԿԺԴՀ-ին՝ տարերքի հետեւանքով մարդկային մեծ կորուստների ու նյութական վնասի կապակցությամբ, նաեւ հայտնել են, որ պատրաստ են հնարավորինս շուտ առաջարկել իրենց կառավարություններին շտապ հումանիտար օգնություն տրամադրել ԿԺԴՀ-ին:

Ըստ ոչ ամբողջական վիճակագրության՝ ԿԺԴՀ հյուսիսում ջրհեղեղի հետեւանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել ու անհետ կորել, մոտ 68 հազար մարդ անօթեւան է մնացել, 29 հազար տուն էլ՝ փլվել: