Մոսկվան ի սկզբանե հանդես էր գալիս ԱՄՆ-ի հետ Սիրիայի վերաբերյալ համաձայնագրերը հրապարակելու օգտին շահարկումներից խուսափելու համար, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը:  

Նրա խոսքով, ռուսաստանյան կողմն ի սկզբանե` եւ համաձայնեցման ընթացքում եւ համաձայնությունների ձեռք բերումից հետո ամերիկյան կողմին համոզում էր հրապարակել փաստաթղթերի ամբողջ փաթեթը: «Կարծում ենք, որ դա հնարավոր է եւ անհրաժեշտ է անել, որպեսզի փաստաթղթերի փաթեթը շահարկումների առարկա չդառնա: Հրաշալի գիտենք, թե որքան հաճախ է փաստաթղթերի արտահոսք տեղի ունենում դեպի ԶԼՄ-ներ` ոչ Ռուսաստանի նախաձեռնությամբ, այլ հենց ամերիկյան կողմի, հավելել է դիվանագետը:  Իհարկե այժմ նախապես ոչ մեկին չենք կասկածում եւ չենք դատապարտում: Բայց մենք այդ արտահոսքերի հետ աշխատում ենք  գործնականում ամենօրյա ռեժիմում»:

Հենց «սխալ մեկնաբանություններից եւ ձեռք բերված համաձայնությունների մանրամասներին անտեղյակ հակամարտության կողմերի մանիպուլյացիայից  խուսափելու համար», Զախարովայի խոսքով, Մոսկվան առաջարկել է եւ այժմ էլ առաջարկում է հրապարակել  տվյալ փաստաթուղթը: 

Նախօրեին ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամուլի ծառայության պետի տեղակալ Մարկ Տոները հայտնել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Ռուսաստանի հետ Սիրիայում հրադադարի վերաբերյալ համաձայնագրերի ամբողջական կամ մասնակի հրապարակում: Միաժամանակ նա ճշտել է, որ այդ մասին վերջնական որոշում դեռեւս չի կայացվել: