Իսրայելի ազգային գրադարանը հայտարարել է, որ ձեռք է բերել հանրահայտ «աֆղանական պահոցը»՝ հրեա առեւտրականների ձեռագիր արխիվը, որոնք հազար տարի առաջ ապրել են Մետաքսի մեծ ճանապարհի վրա: Գրադարանը խոստացել է ձեռագրերը թվայնացնել եւ համընդհանուր օգտագործման համար տեղադրել համացանցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կրոնական տեքստերը, հաշվետարական մատյանները, իրավաբանական փաստաթղթերը, բանաստեղծությունները եւ պատմական քրոնիկոնները՝ ֆարսերենով, արաբերենով, արամեերենով եւ հուդայերեն-պարսկերենով պատկերացում են տալիս ժամանակակից Աֆղանստանում գտնվող Բամիանա քաղաքում 11-րդ դարում ապրած Աբու-Նասար առեւտրական տան կյանքի մասին: Երուսաղեմի գրադարանի սեփականությունն են դարձել նաեւ 13-րդ դարասկզբի վարչական արխիվները, որոնք տեղեկություններ են պարունակում մի քաղաքակրթության մասին, որը հաշված տարիների ընթացքում կործանվել է մոնղոլ նվաճողների ճնշման արդյունքում:
«Չինգիզ խանի եւ նրա զորքի կատարած ավերածություններից հետո տարածաշրջանի պարսկական եւ արաբական մշակույթի վերաբերյալ փաստագրական գրեթե ոչ մի հուշարձան չկա: Ավելի շուտ չկար առ այսօր»,- «պահոցի» նշանակությունն այսպես է ներկայացրել գրադարանը:
Լուրերի համաձայն՝ ձեռագրերը գտնվել են Աֆղանստանի հյուսիսում գտնվող լեռնային քարանձավում: Գրադարանը չի բացահայտում գործարքի արժեքը, սակայն երախտապարտ է գնումը ֆինանսավորած հովանավորներին:
«Քանի որ այն նախկինում հանրության եւ ակադեմիական համայնքի համար փակ էր, նրա հարստությունն ու նշանակությունը դեռ պետք է գնահատել: Իսրայելի գրադարանը նյութերը կթվայնացնի եւ հասանելի կդարձնի հետազոտողների միջազգային միության եւ լայն հանրության համար»,- խոստացել է գրադարանը:





























