WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորից եւ ապրում է Մեծ Բրիտանիայում այդ պետության դեսպանատանը, հայտարարել է, որ պատրաստ է հանձնվել ամերիկյան իշխանություններին, եթե վերջիններս ներում շնորհեն իր իրազեկիչ, ԱՄՆ բանակի նախկին սպա Չելսի Մենինգին։ Համապատասխան առաջարկը հրապարակվել է WikiLeaks–ի թվիթերյան էջում։ Ընդ որում, հաղորդագրության մեջ ասվում է, որ չնայած նման քայլի դիմելու իր պատրաստակամությանը՝ ԱՄՆ–ում իր դեմ ցանկացած հալածանք Ասանժն անօրինական  է համարում, փոխանցում է BBC–ն։

WikiLeaks–ի իրազեկիչ Բրեդլի Մենինգը 2013-ին ԱՄՆ դատարանի կողմից դատապարտվել էր 35 տարվա ազատազրկման գաղտնի տվյալների հրապարակման համար։ Արդեն բանտում նա սեռափոխության դիմում էր ներկայացրել։ 2014–ին դատարանը բավարարել էր նրա խնդրանքը, եւ իրազեկիչը փոխել էր Բրեդլի անունը եւ վերանվանվել Չելսի, իսկ 2015–ին տրանսգենդեր զինվորին թույլատրել էին հորմոնալ թերապիայի կուրս անցնել սեռը փոխելու համար։