ՆԱՍԱ–ն ցուցադրել է 2011–ին եւ 2016-ին Նորիլսկի Դալդիկան գետի արբանյակային լուսանկարները։ Գետի ջուրը, ինչպես պարզվել է, կարմիր գույն է ստացել, փոխանցում է ՌԲԿ–ն։
ՆԱՍԱ–ի տվյալներով՝ գետի ջուրը կարմրել էր դեռ վաղուց՝ նախքան դա 2016-ին նկատելը։ Տիեզերական գործակալությունից հայտնել են, որ գետը կարմիր գույնի է եղել նաեւ 2001–ի օգոստոսին։ «Արբանյակները տարբեր ժամանակահատվածներում հավաքել են Նորիլսկի մոտ գետի կարմիր ջրերի լուսանկարները, այդ թվում՝ 2015-ի հուլիսին, 2014–ի հուլիսին, 2013–ի օգոստոսին, 1998–ի հուլիսին եւ 1997-ի սեպտեմբերին։ Լուսանկարներում պատկերված է գետը տարվա տաք եղանակին, երբ ջուրը դեռ չի սառել»,– ասել են գիտնականները։
Սեպտեմբերի 12-ին «Նորնիկել» ընկերությունը հրապարակել էր Դալդիկան գետի կարմիր ներկվելու հետաքննության արդյունքները։ Ընկերությունից հայտնել էին, որ 2015-2016թթ. «Նորնիկելը» վերակառուցել էր մետաղագործական գործարանի պոչամբարները։ «Կառուցվել էին ֆիլտրող ամբարտակներ, որոնք կանխում են լվացման ջրերի մնացորդների արտահոսքը։ Սեպտեմբերի 5-ին անսովոր հորդառատ անձրեւների պատճառով ամբարտակներից մեկից ջուրը դուրս էր հորդել եւ լցվել Դալդիկան գետը»,– ասված է ընկերության հայտարարության մեջ։





























