Հայաստանը փորձել է արժանապատվորեն կարգավորել հարաբերությունները հարեւան պետության հետ, ինչպես վայել է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհին, իսկ երեկ հրապարակված Արձանագրությունները տալիս են այդ հնարավորությունը: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին:

Իր ելույթում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Ինչպես արդեն գիտեք, երեկ տարածվել է համատեղ հայտարարություն` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հրապարակվել են նաեւ այն համաձայնեցված փաստաթղթերը` „Արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին“ եւ „Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին“, որոնք արտացոլում են մինչ օրս ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջականությունը»:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ անցյալ տարվա հանդիպման ժամանակ ասել է, թե ինչ նպատակներ է հետապնդել Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելով: «Հայաստանը մոտեցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը: Ավելացան միջազգային հանրության տեղեկացվածությունն ու պարտավորվածությունը»,- ասել է Սարգսյանն ու հավելել. «Մենք փորձել ենք արժանապատվորեն կարգավորել հարաբերությունները մեր հարեւան պետության հետ, ինչպես վայել է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհին: Համարում եմ, որ այս արձանագրությունները տալիս են այդ հնարավորությունը»:

Ըստ նախագահի՝ երեկ հրապարակված նախագծերն արտացոլում են երեք առանցքային իրականություն`

1. Ինչպես ես բազմիցս ասել եմ, Թուրքիայի հետ վարած մեր բանակցությունները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված որեւէ այլ խնդրի հետ կապված որեւէ նախապայման:

2. Ինչպես եւ պնդում էինք, հայ-թուրքական հարաբերությունների պատմական հարթության հարցերը պետք է քննարկվեն ոչ թե պատմաբանների հանձնաժողովի, այլ միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի ձեւաչափով:

3. Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ կարեւորագույն միջազգային փաստաթղթերի ստորագրմանը կնախորդեն հանրային քննարկումներ: Դրանք հնարավորություն կտան լսելու բոլոր տեսակետներն ու մոտեցումները:

Սերժ Սարգսյանը նշել է, թե կարեւորում է այս հարցում հայ դիվանագետների ակտիվությունը: «Դուք պետք է ակտիվ դերակատարում ստանձնեք այդ հանրային քննարկումների ընթացքում եւ Հայաստանում, եւ Սփյուռքում: Պետք է մանրամասնեք եւ բացատրեք նախաստորագրված արձանագրությունների դրույթները` դրական եւ, ինչո՞ւ չէ, խնդրահարույց բոլոր բաղադրիչներով»,- նել է նախագահ ու հավելել, որ առաջիկայում նաեւ ակտիվ քննարկումներ են ունենալու Սփյուռքի հայկական համայնքներում եւ միջազգային հետազոտական կենտրոններում: