Աղը, շաքարն ու ճարպը այն հիմնական նյութերն են, որոնց համը գրավում է մարդուն: Առանց դրանց սնունդն անհամ է թվում, բայց ավաղ այդ նյութերի ավելցուկը սնունդը դարձնում է առողջության համար վնասակար: Ֆրանսիայի  Սննդամթերքի ու համային զգացողությունների գիտական կենտրոնի հետազոտողները (Centre des Sciences du Goût de l’Alimentation)  գտել են մարդու ուղեղը խաբելու միջոց՝ ստիպելով, որ այն համեղ համարի այն մթերքները, որոնք աղի, շաքարի ու ճարպերի ցածր պարունակություն ունեն, հայտնում է Kedem–ը:

Այդ նպատակով նրանք ստեղծել են մի սարք, որը հոտի մոլեկուլներ է արտազատում համեղ, բայց վնասակար սննդից ու հավելում դրանք դիետիկ սնունդին, որը անհամ է թվում: Մոլեկուլների փոքր քանակությունն էլ բավական է բանջարեղենի, անյուղ մսի,յուղազրկված կաթնամթերքի ու աղանդերի համն արմատապես փոխելու համար: Արդյունքում մարդը կկարողանա առողջ սնունդ ընդունել՝  չչարաշահելով շաքարը, աղը ու ճարպը,  միաժամանակ չտառապելով համի բացակայությունից: Գյուտարարների հիմնական նպատակն է, որ ֆաբրիկաները սկսեն նման սնունդ արտադրել, ու իրենց առողջությանն ու կազմվածքին հետեւող մարդիկ կարողանան գնել այն: