ԼՂՀ կառավարությունն աստիճանաբար նվազեցնելու է հացահատիկային մշակաբույսերի գների ձեւավորման գործում պետական միջամտության չափը՝ ժամանակի ընթացքում այն թողնելով շուկայի կարգավորմանը: Այս մասին, սեպտեմբերի 22-ին, ընդլայնված խորհրդակցության ժամանակ նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ-ի մի խումբ պատգամավորներ, գյուղատնտեսության, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարներ, շրջվարչակազմերի ղեկավարներ, հանրապետության գյուղոլորտի պատասխանատուներ եւ խոշոր հողագործներ, օրակարգում եղել գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ հայեցակարգ մշակելու հարցը:

ԼՂՀ կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը, գյուղատնտեսությունը ներկայացնելով որպես ՀՆԱ-ի ձեւավորման կարեւորագույն ճյուղերից մեկը, ներկաներին մանրամասն ներկայացրել է ոլորտի զարգացման իր տեսլականը՝ հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում բազմաթիվ գործիքների օգտագործումն ու զարգացած երկրների փորձը: Ա. Հարությունյանի խոսքով՝ բնագավառի կարեւոր ուղղություններից մեկի՝ երկրագործության զարգացումը պետք է սկսել հողերի արդյունավետ կիրառումից:

«Սեփականաշնորհված գյուղամերձ հողերը, անհրաժեշտության դեպքում, պետք է ենթավարձակալության պայմանագրով եւ ցանքաշրջանառության պարտադիր պայմանի կիրառմամբ տրամադրել այն հողօգտագործողներին, ովքեր պատրաստ են հողը մշակել ագրոպայմաններին համապատասխան: Հենց նրանք, դրամաշնորհի տեսքով, կստանան պետական աջակցություն: Հողօգտագործողները պետք է հաշվի առնեն, որ այսուհետ կառավարությունն աստիճանաբար նվազեցնելու է հացահատիկային մշակաբույսերի գների ձեւավորման գործում պետական միջամտության չափը՝ ժամանակի ընթացքում այն թողնելով շուկայի կարգավորմանը: Ուստի, ժամանակն է , որ անցնենք աշխարհում ընդունված արդի մեթոդների՝ ցանքաշրջանառության ու պարարտանյութերի կիրառմանը՝ հետ կանգնելով գլխավորապես ցորենի մշակումից: Այդ ճանապարհին մենք օգտագործելու ենք աջակցության նոր գործիքակազմ եւ միայնակ չենք թողնելու հողամշակին»,- ասել է Ա. Հարությունյանը:

Վարչապետն անդրադարձել է նաեւ բանջարաբոստանային եւ այգեգործության բնագավառների զարգացման ուղիներին՝ առաջարկելով հիմնական շեշտը դնել նոր տեխնոլոգիաների կիրառման վրա: Ա. Հարությունյանը, այդ տեսանկյունից, կարեւորել է ոռոգման արդի համակարգերի ներդրումը, ինչի համար արդեն պետական դրամաշնորհներ են տրամադրվում հողօգտագործողներին:

Կառավարության ղեկավարն իր դիտարկումներն է ներկայացրել նաեւ անասնապահության ու մեղվաբուծության զարգացման վերաբերյալ՝ առաջարկելով խթանիչ ու աջակցող միջոցներ կիրառել՝ առանց միջամտելու վերջնական արտադրանքի գնի ձեւավորմանը:

Մշակվող հայեցակարգի վերաբերյալ վարչապետի ելույթից հետո, խորհրդակցության մասնակիցների միջեւ ծավալվել է քննարկում, հնչեցվել են տարբեր առաջարկություններ:

Խորհրդակցության ավարտին, ամփոփելով հնչեցված կարծիքներն ու առաջարկությունները, Ա. Հարությունյանը գյուղոլորտի պատասխանատուներին հանձնարարել է մշակել գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ հայեցակարգ՝ ընթացիկ քննարկումներ ու խորհրդակցություններ ունենալով թե՛ բնագավառի մասնագետների, թե՛ գործարարների հետ: