Գերմանիայի դաշնային հողերի ներկայացուցչությունը՝ բունդեսրաթը, սեպտեմբերի 23-ին հավանություն է տվել քրեական օրենսդրության խստացմանը ընդդեմ սեքսալ բնույթի հանցագործությունների՝ ամրագրելով հետեւյալ սկզբունքը՝ «ոչ նշանակում է ոչ»: Դա հնարավոր կդարձնի այն սեքսուալ հանցագործությունների հետապնդումը, որոնք մինչ օրս անպատիժ էին մնում, փոխանցում է DW-ն:
Այսուհետեւ սեքսուալ հանցավոր գործողությունը կմեկնաբանվի որպես բռնաբարություն նույնիսկ այն դեպքերում, երբ զոհը հանցագործին ակտիվ դիմադրություն ցույց չի տալիս: Եթե նա խոսքով, ժեստերով կամ արցունքներով հասկացնում է, որ համաձայն չէ սեքսուալ բնույթի գործողություններին, ապա դա բավական է քրեական հետապնդում սկսելու համար:
Մինչ օրս քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ էր, որպեսզի զոհն ակտիվորեն դիմադրեր բռնարարին, իսկ հանցագործը զոհին սեքսուալ բնույթի գործողություների հարկադրեր բռնության կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով: Սակայն պրակտիկան ցույց է տվել, որ դա բռնաբարության շատ նեղ մեկնաբանում է:
177-րդ հոդվածի լրացման համաձայն՝ Գերմանիայում բռնաբարությունը պատժվում է 6 ամսից մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ:





























