Ուղեւորը Emirates ավիաընկերությանը դատի է տվել, քանի որ կողքին նստած մարդը գեր է եղել: Տղամարդը չէր տեղավորվում իր նստատեղում ու խանգարում էր իտալացի փաստաբան Ջորջիո Դեստրոյին, գրում է Daily Mail-ը:

Դեստրոն պատմել է, որ Քեյփթաունից Դուբայ թռիչքի ժամանակ ինը ժամ շարունակ ինքը ստիպված է եղել կանգնել օդանավի սալոնում կամ նստել բորտուղեկցորդների համար նախատեսված նստատեղերին, երբ դրանք ազատ են եղել:

Իրավաբանը նաեւ բորտուղեկցորդուհիներին խնդրել է փոխել իր տեղը, բայց նրան պատասխանել են, որ բոլոր տեղերը զբաղված են: Իտալացուն նաեւ վրդովեցրել է այն, որ ավիաընկերությունը ներողություն չի խնդրել ու փոխհատուցում չի առաջարկել պատճառած անհարմարության համար:

Հիմա Դեստրոն մտադիր է Emirates–ից ստանալ գրեթե 2.8 հազար եվրո: Փոխադրողը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը: