Կաթոլիկ եկեղեցին հայտնել է իրադարձությունները որպես հրաշք ճանաչելու ընթացակարգի փոփոխության մասին: Նոր նորմերով կառաջնորդվեն հատուկ բժշկական հանձնաժողովի անդամները, որը կորոշի, թե արդյոք այս կամ այն իրադարձությունը հրաշք է եղել, թե ոչ, հայտնում է BBC-ն:
Վատիկանի կանոնների համաձայն, հրաշքներն անհրաժեշտ են բեատիֆիկացիայի (մարդուն երանելի ճանաչելու) համար: Յուրաքանչյուր մարդ, որը Վատիկանի կողմից երանելի է ճանաչվում, պետք է գոնե մեկ հրաշք գործի: Իրադարձությունները որպես հրաշք է ճանաչում այն օրգանը, որը կոչվում է սրբերի գործերով կոնգրեգացիա:
Բեատիֆիկացիայի կանոնների փոփոխություններն ուրբաթ հրապարակվել են փաստաթղթում, որը հաստատվել է կոնգրեգացիայի ղեկավարի` կարդինալ Անջելո Ամատոյի կողմից: Կանոնադրության տեքստի ձեւական եւ լեզվաբանական փոփոխություններից բացի, նոր փաստաթուղթը եւս մի քանի կանոն է ներմուծում:
Նախ` որպեսզի հանձնաժողովի օրակարգում հայտնվի այս կամ այն իրադարձության մեջ աստվածային մասնակցության հարցը, այսուհետ կպահանջվեն կոնգրեգացիայի անդամների երկու երրորդի ձայները: Նախկինում այդ նշաձողն ավելի ցածր էր:
Երկրորդ, մի անգամ կոնգրեգացիայի կողմից մերժվելով` իրադարձությունը կարող է կրկնակի վերլուծվել միայն երեք անգամ, յուրաքանչյուր վերաքննության համար կոնգրեգացիայի ինը անդամից կազմված քվորում է անհրաժեշտ:
Եվս մի կանոն վերաբերում է գիտակ փորձագետների փոխհատուցմանը, որոնք յուրաքանչյուր իրադարձության վերաբերյալ որոշման շրջանակում պետք է հաստատեն, որ այն չի կարող բացատրվել գիտության կողմից: Այժմ այդ փորձագետներին հնարավոր է փոխհատուցում վճարել բացառապես բանկային փոխանցումների միջոցով:





























