Փարիզի դատախազությունը երեք ամսվա ազատազրկում է պահանջել փողոցային նկարչի համար, որը հայտնի է Monsieur chat («Պարոն կատու») կեղծանունով: Արթ-սթրիթի աստղին մեղադրել են նրա համար, որ նա նկարել է Փարիզի Հյուսիսային կայարանի շինարարական աշխատանքները թաքցնող սպիտակ պաննոյի վրա:
Ֆրանս-շվեյցարացի փողոցային նկարիչը` «Պարոն կատուն» (նրա իսկական անունը Տոմա Վյույ է) այս գարնանը երկու կատու է նկարել, երկու թռչուն եւ ութ վարդ Հյուսիսային կայարանի սպիտակ պաննոներին, որտեղ վերանորոգման աշխատանքներ են կատարվում, հայտնում է RFI-ն:
Նկարչի փաստաբան Անյես Տրիկուարը բացատրել է, որ դատախազը երեք ամսվա ազատազրկում է պահանջել, որովհետեւ «Պարոն կատվին» արդեն տուգանել են նմանատիպ գործողությունների համար եւ նոր նկարները գնահատել են որպես հանցագործության կրկնություն: Արթ-սթրիթի աստղի պաշտպանը վրդովմունք եւ զարմանք է հայտնել այն պատճառով, որ «2016 թվականին նկարչին կարելի է բանտ ուղարկել կարճաժամկետ նկարի համար»:
39-ամյա Տոմա Վյույը հայտնի է դարձել արթ-սթրիթի իր ստեղծած կերպարի շնորհիվ` դեղին-նարնջագույն ժպտացող կատվի: Շատ տարիներ նա ոչ մեկին հայտնի չէր: Նրա անունը հայտնի դարձավ 2007 թվականին` Օռլեանում, որտեղ նրան ձերբակալեց ոստիկանությունը:
Տոմա Վյույն իր կատուներին նկարել է Ֆրանսիայի ինչպես նաեւ այլ երկրների տարբեր քաղաքներում, այդ թվում` Նյու Յորքում, Հոնկոնգում, Դակարում, Սարաեւոյում եւ այլն:





























