Մի քանի տասնյակ մարդ է հավաքվել ամերիկյան Կալիֆորնիայի նահանգի Էլ-Կագոն քաղաքում` դժգոհություն հայտնելու ոստիկանների կողմից աֆրոամերիկացու սպանության առիթով, հայտնում է CBS հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն, դեպքի վայրում մոտ  30 մարդ է հավաքվել: Նրանք թշնամական կարգախոսներ են վանկարկում` պնդելով, թե ոստիկաններն աֆրոամերիկացու են սպանել ռասայական դրդապատճառներով: Որոշ մարդիկ աղոթում են: 

Ասոշեյթեդ Փրես գործակալությունը տեղեկացնում է, որ բողոքողները նաեւ հայտնում են, որ սեւամորթ տղամարդն  իշխանությունների պահանջով ձեռքերը վեր է բարձրացրել, մինչեւ կկրակեին նրա ուղղությամբ:  Ոստիկանները հերքում են դա` որպես ապացույց բերելով տեսագրությունը, որն արվել է մոտակա ռեստորանի աշխատակցուհիներից մեկի բջջային հեռախոսով: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեւամորթ տղամարդը, որին կրակել են Էլ Կահոն քաղաքի առեւտրական կենտրոնում տարօրինակ վարք դրսեւորած մարդու կանչով տեղ հասած ոստիկանները, հիվանդանոցում մահացել է ստացած վնասվածքներից: Նրա մոտ հրազեն չի հայտնաբերվել: