Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեի արդյունքների հայտարարումից հետո, երբ իշխանությունները հայտնել են, որ 91 տոկոսը հավանություն է տվել արմատական փոփոխություններին` ներառյալ նախագահական ժամկետի երկարաձգումը եւ նախագահի լիազորությունների ավելացումը, ԱՄՆ-ի կոնգրեսականը հետեւյալ հայտարարությամբ է հանդես եկել. 

Լիովին ակնհայտ է, որ Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների փաթեթը մշակվել է` նախագահի լիազորությունների սահմանափակումները հանելու նպատակով:  Անկախ վերջնական հաշվարկից, այդ հանրաքվեն օրինականությունից զուրկ գործընթացի գագաթնակետ է դարձել: Այդ մասին ասված է Հելսինկյան Հանձնաժողովի ղեկավար, կոնգրեսական Քրիս Սմիթի հայտարարության մեջ, հայտնում  contact.az-ը:

«Ադրբեջանի կառավարությունը նման նշանակալի փոփոխությունների է դիմել` ադրբեջանցի ժողովրդին զրկելով իր հիմնարար իրավունքներից, որոնք անհրաժեշտ են  ուսումնասիրման փուլում գտնվող հարցերի ազատ քննարկման  համար:   

Մի քանի շաբաթ շարունակ իշխանությունները ձերբակալում եւ հետապնդում էին քաղաքական ակտիվիստներին  եւ լրագրողներին` ճնշելով նրանց ձայները, որոնք հանդես են գալիս նախատեսված փոփոխությունների դեմ: 

Ընդամենը մեկ տարի առաջ Ադրբեջանն արգելափակել էր խորհրդարանական ընտրությունների նկատմամբ ԵԱՀԿ-ի մոնիտորինգը, ինչը վկայում է, որ Բաքուն ցանկություն չունի կատարել ԵԱՀԿ-ի շրջանակում իր պարտավորությունները: 

Ես առաջվա պես խորապես անհանգստացած եմ, որ այս անօրինական գործընթացն էլ ավելի կարգելակի ադրբեջանցիների ժողովրդավարական ապագան, որը նրանք ցանկանում են եւ որին արժանի են: 

Ես դարձյալ Ադրբեջանի կառավարությանը կոչ եմ անում ազատ արձակել խղճի բոլոր բանտարկյալներին եւ հանել  նրանց  եւ քաղաքացիական հասարակության նրանց գործընկերների դեմ մեղադրանքները եւ արգելքները», - նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի  8-ին Սմիթը եւ Կոնգրեսի այլ անդամներ բաց նամակ են գրել Ալիեւին Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների մասին:   

2015 թվականի դեկտեմբերին Սմիթը Կոնգրեսին օրինագիծ է ներկայացրել, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն ազատ չի արձակել քաղբանտարկյալներին, չի դադարեցրել քաղաքացիական հասարակության  հետապնդումները եւ ազատ ընտրություններ չի անցկացրել: