Տոկիոյում վեց մարդ հիվանդանոց է տեղափոխվել մետրոյի գնացքում ուժեղ հոտի պատճառով վատ զգալու հետեւանքով:  Ականատեսները հայտնում են ներկի լուծիչի  կամ, գուցե, քիմիական որեւէ այլ նյութի մասին, տեղեկացնում է BBC-ն: 

Ոստիկանության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Տակադանոբաբա կայարանում, տեղի ժամանակով մոտ 18:00-ին: Տեղական հեռուստատեսությունը դեպքի վայրից կադրեր է հեռարձակում: Առայժմ պարզ չէ, թե արդյոք տուժածները քիմիական թունավորման զոհ են դարձել եւ ճշգրիտ ինչ նյութ է դարձել նրանց թուլության պատճառը:     

Տեղի ունեցածը Տոկիոյի բնակիչների անհանգստությունն է առաջացրել. նրանք հիշում են 1995  թվականին մայրաքաղաքային մետրոյում քիմիական գրոհը, որ կազմակերպել էին    «Աում Սինրիկյո» արմատական աղանդի հետեւորդները: Մետրոյում մահացու վտանգավոր զարին գազ տարածելու հետեւանքով մոտ  6 հազար մարդ ծանր թունավորվել էր, 13 մարդ զոհվել էր: