Հոկտեմբերի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լիտվայի սեյմի փոխնախագահ, հայ-լիտվական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետային:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ է. Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հաստատվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ արդյունավետ համագործակցություն միջազգային կազմակերպություններում:
Երկուստեք ընդգծվել է առեւտրատնտեսական համագործակցության աշխուժացման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Հայաստանի եւ Լիտվայի միջեւ խորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների փոխգործակցությանը:
Անդրադարձ է կատարվել նաեւ մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը:
Նախարար Նալբանդյանը եւ փոխնախագահ Կաշետան մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ:




























