Գրող-հրապարակախոս, երգիչ, արվեստաբան Վահրամ Թաթիկյանը անժամկետ հացադուլ է սկսում՝ ի նշան բողոքի Կոմիտասի անվան պանթեոնի հարեւանությամբ դելֆինարիում կառուցելու նախագծի դեմ՝ պահանջելով վերանայել այդ որոշումը եւ այդ վայրն իր ամբողջ տարածքով ընդգրկել պատմամշակութային հուշարձանների ցանկում:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Երեւանի քաղաքապետարանն սկսել է Կոմիտասի անվան զբոսայգու վերականգնման աշխատանքները: Դելֆինարիումը զբաղեցնելու է Կոմիտասի անվան զբոսայգու վաղուց արդեն չգործող նախկին ատրակցիոնի տարածքը: Մուտքը Արշակունյաց պողոտայի կողմից է`զբոսայգու երրորդ մուտքից։ Մետաղական կոնստրուկցիայով կառույցի ստորին հատվածում տեղադրվելու են տեխնիկական սարքավորումները։ Իսկ աստիճանները կտանեն դեպի տրիբունա, որտեղ 5 մետր խորությամբ 18 մետր շառավղով ջրավազանն է։ Երկուսուկես ամիս անց այստեղ կլողան 4 դելֆիններ, երկու ծովային կատու, մեկ ջրառյուծ: Ջրային կենդանիները Երեւան կբերվեն Օդեսայից, իսկ շինությունը կառուցում են հիմնականում ուկրաինացի մասնագետներ։
Հասարակական մի շարք կազմակերպություններ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել դելֆինարիումի դեմ, իսկ Էկոլոգիական հասարակական դաշինքը ստորագրահավաք է կազմակերպել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին ուղղված գրավոր դիմումի համար, որով պահանջվում է հետ կանչել Կոմիտասի անվան այգում դելֆինարիում կառուցելու որոշումը: «Պանթեոնն իրենից ներկայացնում է ազգային արժեք, որտեղ մարդիկ գալիս են հարգելու ազգի նվիրյալների հիշատակը: Կառուցել այստեղ Դելֆինարիում, որը զվարճանքի վայր է` ուղղակի անընդունելի է մեզ համար»,- ասված է նամակում:





























