Ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի բողոքի գործողությունը` կառավարության ընդունելություների տան մոտ, որտեղ այսօր՝ հոկտեմբերի 19-ին մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն հանուն ապագայի» համաժողովը:

Մասնավորապես, ոստիկաններն արգելել են ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանին եւ  ընդդիմադիր ակտիվիստներին իրենց նամակը հանձնել ԵԽ համաժողովի ներկայացուցիչներին:

Վլադիմիր Կարապետյանը լրագրողներին հայտնել է, որ իրենց բողոքի գործողություններով համաժողովի մասնակիցներին ներկայացնելու են, թե ինչպիսի «ոստիկանական պետությունում ենք ապրում»: Ոստիկանները նաեւ քաշքշել են ՀԱԿ-ի ակտիվիստ Վարդգես Գասպարիին:

ՀԱԿ ակտիվիստների մի մասը բողոքի գործողություն է անցկացնում կալանավորների հագուստներով, իսկ նրանց կրծքին գրված են քաղբանտարկյալների անունները:

Ի դեպ, ցուցարարների հետ է նաեւ «Ժառանգության» պատտգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նաեւ «Ժողովրդավարություն հանուն ապագայի» համաժողովի մասնակից է: