Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր` հոկտեմբերի 19-ին Երեւանում սկսված Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստում անդրադարձել է անչափահասների կողմից կատարված հանցագործություններին եւ ներկայացրել մի քանի տվյալներ: Ըստ այդմ, նշվել է, որ վերջին 15 տարիներին 100 հազար բնակչին բաժին ընկնող հանցագործության մակարդակը Հայաստանում ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական մի շարք երկրների համեմատ էապես բարվոք է:
Եթե 1995-2001թվականներին անչափահասների կատարած հանցագործությունների թիվը տարեց տարի աճել է` 433-ից մինչեւ 611, ապա 2001թ.-ից աստիճանաբար նվազել է` հասնելով 532-ի:
Նշենք, որ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի լիագումար նիստը Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել պատվիրակներ ավելի քան երեք տասնյակ երկրից: Լիագումար նիստի բացմանը մասնակցել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:
Նիստի 3 աշխատանքային օրերի ընթացքում նախատեսվում է քննարկել անչափահասների վերաբերյալ քրեական գործերով արդարադատության իրականացման, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում եվրոպական չափորոշիչների կիրառման ընթացքում դատախազության դերին վերաբերող հարցեր: Տեղի կունենան Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահի, փոխնախագահի, ինչպես նաեւ` Խորհրդի բյուրոյի անդամների ընտրությունը:




























