Չնայած Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն անընդհատ քննարկվում է միջազգային տարբեր կառույցների կողմից, սակայն չենք կարող ներկա բարոյահոգեբանական մթնոլորտի պայմաններում կտրուկ եւ միանգամից որդեգրել նրանց կողմից գծագրված պայմանները։ Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը։

«Մենք այս առումով կարողանում ենք անել այն, ինչ կարողանում ենք անել։ Ղարաբաղի հարցի լուծումը եւ մինչեւ անգամ դրա հետաձգումը մեզ մոտ ժողովրդավարական նոր նվաճումների են բերում։ Նախկինի հետ համեմատած՝ ներկայում ունենք բավականաչափ մեծ տարբերություններ։ Մասնավորապես, մեզ մոտ կայացած են տարբեր ինտիտուտներ եւ կառույցներ»,- նկատեց Բոստանջյանը։

Նրա խոսքով, «արտաքին աշխարհը, ելնելով զանազան հարցերից, Հարավային Կովկասում շահեր են փնտրում»:

 «Ելնելով տարածաշրջանում շահերի չլուծված լինելու խնդրից՝ նրանք կարող են ամենազանազան մոտեցումներ որդեգրել եւ մեզ պատին դեմ տալ՝ կապված Ղարաբաղի խնդրի հետ»,- ասաց ԱԺ պատգամավորը՝ ավելացնելով, որ «նույն բանը գոյություն ունի նաեւ ներքաղաքական առումով»:

«Հիվանդ մարդիկ ցանկանում են իշխանությունը վերցնել եւ դրա համար ոչ մի արգելք չունեն։ Այդ բանին հասնելու համար նրանք դիմում են դրսից տղա բերելուն, սեփական երկիրը փնովելուն, ուրիշներին փչացնելուն, դրա համար էլ մեզ մոտ չի լինում այնպես, որ ներդաշնակ եւ համակողմանիորեն կատարվեն բոլոր մեր ցանկությունները, որոնց ձգտում ենք»,- ամփոփեց ԲՀԿ-ական պատգամավորը։